AM
2 October 2023 - 13:23 AMT

Քանանի. Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը Հարավային Կովկասում

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ ԻԻՀ-ն անընդունելի է համարում Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունները: Այդ մասին հայտնել է Fars իրանական լրատվական գործակալությունը։

«Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխմանը և տարածաշրջանում [իրավիճակի] աշխարհաքաղաքական ճշգրտմանը։ Մենք համաձայն ենք տրանսպորտային ուղիների և տրանսպորտային ցանցերի զարգացմանն այնպես, որ դրանք ապահովեն տարածաշրջանի երկրների շահերը, նպաստեն զարգացմանը և մարդկանց բարեկեցությանը: Բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական փոփոխություններին, մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը, հայտնում է «Ազատությունը»։

Նա հիշեցրել է, որ Թեհրանը մշտապես կոչ է անում տարածաշրջանի երկրների միջև առաջացող վեճերը կարգավորել քաղաքական գործընթացի և երկկողմ բանակցությունների եղանակով և միայն տարածաշրջանային ներուժի ներգրավմամբ:

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Քանանին ասել է, թե Իրանը սատարում է «այդ հողերն Ադրբեջանին վերադարձնելուն», և միաժամանակ ավելացրել է, որ «Թեհրանն ունի ղարաբաղցի փախստականներին օգնություն ուղարկելու ծրագրեր»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26–ին Նախիջևանից վերադառնալիս հայտարարել էր, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով,

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։