ԵՄ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Բրյուսելի Եվրաթաղամասում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու դեմ և կոչ արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ։
Ցուցարարները նաև կոչ են արել ԵՄ-ին պաշտպանել այս տարածքը և դրա բնակչությանը , հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ցուցարարները պարզել են հայկական դրոշներ և բազմաթիվ պաստառներ՝ «Արցախ», «Օգնենք Հայաստանին», «Պատժամիջոցներ հանցագործների դեմ», «ԵՄ, ձեր գազատարներում հայի արյուն է հոսում» գրություններով։
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները Եվրահանձնաժողովին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ ընդլայնված գազային գործընկերության զարգացումը։
Բողոքի ցույցի ընթացքում նաև ստորագրահավաք է անցկացվել ուղղված Եվրահանձնաժողովին և ԵՄ խորհրդին՝ արցախահայությանը պաշտպանելու կոչով։
Բրյուսելում հավաքվել են հայեր Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իսպանիայից և Իտալիայից։ Հանրահավաքն արտոնված էր տեղի իշխանությունների կողմից։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։