Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի «վերաինտեգրման պլանը», որը, ըստ հայտարարության, սեպտեմբերի 21–ի, 25–ի և 29–ի Եվլախում և Իվանյանում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին։
Նշվում է, որ հայերի բնակության վայրերում կառավարումը կիրականացվի Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչների միջոցով։ Նշվում է նաև, որ բնակիչները կարող են ներգրավվել այդ աշխատանքներում։ Նշվում է նաև, որ մունիցիպալիտետները ձևավորվում են ընտրությունների միջոցով։
Քաղաքացիության հարցերը լուծվում են ըստ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության։
«Անվտանգության ոլորտում զինաթափման և զորացրման ավարտից և բնակիչներից ամբողջ զենքի առգրավումից հետո, Ադրբեջանի ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ներքին գործերի մարմիններում աշխատանքում:
Տնտեսական ոլորտում նախատեսված է, մասնավորապես, բնակիչների ապրած տարածքներին ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքները որոշակի ժամանակահատվածում հասցնել հանրապետական միջին մակարդակի։ Մաքսային և հարկային արտոնությունները կտարածվեն նաև այդ շրջանի բնակիչների վրա։
Սեփականության հարցերը կարգավորվում են ըստ Ադրբեջանի օրենսդրության։
Ապահովվում է Ադրբեջանի ազգային արժույթի ամբողջական ներդրումը շրջանառության մեջ։ Բջջային կապն ապահովում են ադրբեջանական օպերատորները»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, թե ապահովվում է կրոնի ազատությունն ու «մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը»։
Նշվում է նաև, թե բնակիչներին երաշխավորվում է մշակույթի, էթնոմշակութային առանձնահատկությունների պահպանումն ու զարգացումը։
«Ստեղծվում է հայոց լեզվի օգտագործման հնարավորություն»,–ասվում է փաստաթղթում առանց որևէ կոնկրետության։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։