AM
3 October 2023 - 07:17 AMT

Լավրով․Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս դառնալու որոշումը կայացվել է Փաշինյանի անմիջական մասնակցությամբ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստում հայտարարել է՝ որոշումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է դառնում, «ընդունվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ»։

«Երբ Երևանում տարբեր գործիչներ հայտարարում են, որ ստորագրելով 2020–ի նոյեմբերի պատերազմի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ստիպել Փաշինյանին Ղարաբաղն Ադրբեջանին տալ, դա սուտ է»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է՝ համաձայնագրում ասվում է, որ Ղարաբաղը ռուս խաղաղապահների պատասխանտվության գոտին է։

«Կար ընդհանուր ընկալում, որ երկխոսությունը Ղարաբաղի վերջանական կարգավիճակի մասին կշարունակվի։ Բայց երբ մեկ կամ մեկ ու կես տարի անց Փաշինյանն ինչ–որ եվրոպական գագաթնաժողովում Պրահայում մի փաստաթուղթ ստորագրեց, որտեղ ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց 1991թ․ սահմաններում՝ ըստ Ալմաթիի հռչակագրի, հարցը փակվեց»,–ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ հետագայում Փաշինյանը կրկին օգտագործեց այդ եզրույթը՝ «1991թ․ Ալմաթիի հռչակագիր», արդեն Բրյուսելում։

«Ընդ որում, այն փաստաթղթում, որը տարածել էր Եվրամիությունը, չէր ասվում, որ Հայաստանը մտահոգված է Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրով և այդ ճակատագրով պետք է զբաղվել, որպեսզի նրանք ստիպված չլինեն տառապել։ Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում այն ամենը, ինչ կարող են»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ Մոսկվան աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ կայունացնելու համար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

«Մենք աշխատում ենք ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ կայունացնելու համար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ ամրապնդելու վստահությունը, որպեսզի պայմաններ ստեղծվեն նորմալ կյանքի վերականգնման, հայերի ու ադրբեջանցիների համատեղ կյանքի համար։ Հուսով եմ, որ Երևանում ևս պետք է դրանում շահագրգռված լինեն, որ ջանքեր կգործադրեն դրա համար»,–ասել է նախարարը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։