AM
3 October 2023 - 12:02 AMT

Միլլեր․ ԱՄՆ-ն չի վարանի միջոցներ ձեռնարկել, եթե ի հայտ գան ԼՂ-ում էթնիկ զտումները վկայող ապացույցներ

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանությանը և շրջան գործուղված ՄԱԿ-ի առաքելությանը վերաբերող հարցին, հայտարարել է, թե Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մասին մեղադրանքներին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն չի վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե ի հայտ գան Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները վկայող ապացույցներ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Կապի մեջ ենք տեղում [գործող] մեր մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։ Չենք վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ արձագանքելու վայրագություններին վերաբերող մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են դրանց հետևում, երբ ապացույցներ նկատենք, որ նման բան է տեղի ունեցել: Ինչպես միշտ, ցեղասպանության կամ էթնիկ զտումների վերաբերյալ որոշումը հիմնված է ապացույցների պարունակող գործընթացի վրա, ուստի չեմ կարող վերջնականապես խոսել այդ մասին այս ամբիոնից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Անդրադառնալով թվերին, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղահանվել մոտ 100 հազար հայ՝ Միլլերը շարունակել է՝ հստակ չէ, թե նրանցից քանի տոկոսն է ծրագրում մշտապես մնալ Հայաստանում և որքան մարդ կցանկանա վերադառնալ Ղարաբաղ, եթե պայմանները թույլ տան, և տեղահանվածներին ցուցաբերվի համապատասխան վերաբերմունք:

«Ուստի, կրկնում ենք անկախ միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու մեր կոչը, որը թափանցիկություն կապահովի և վստահություն կներշնչի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն, մասնավորապես՝ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ: Ադրբեջանը նման հավաստիացումներ է արել։ Կարծում ենք, այնտեղ պետք է լինի միջազգային դիտորդական առաքելություն, որը պետք է դիտարկի և երաշխավորի»,- ընդգծել է խոսնակը:

Մեթյու Միլլերը ողջունել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ երկարաժամկետ առաքելության հարցի շուրջ:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ընգծել է, որ առկա է հնարավորություն՝ խաղաղության հասնելու համար:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից դուրս կան այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի համար, և մենք կխրախուսեինք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների [սեղանի շուրջ]՝ քննարկելու և, ի վերջո, լուծում տալու այդ հարցերին»,- եզրափակել է Մեթյու Միլերը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։