ԱՄՆ Կոնգրեսի 75 անդամ, այդ թվում կոնգրեսական Աննա Էշուն և նախկին խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կիրառել ԱՄՆ-ի 907-րդ հոդվածի սահմանափակումները և ռազմական օգնություն չցուցաբերել Ալիևի ցեղասպան ռեժիմին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Օրենսդիրներն առաջարկել են երեք կոնկրետ գործողություն, որոնք Բայդենի վարչակազմը պետք է ձեռնարկի՝ վերջ տալու արցախցի հայերի տառապանքներին։ Նրանք կոչ են անում արգելել ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին, ինչպես նաև կիրառել պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Ադրբեջանին հասկացնելու համար, որ իր ագրեսիան չեն հանդուրժելու:
Օրենսդիրները պահանջում են տրամադրել մարդասիրական լուրջ օգնություն՝ աջակցելու Արցախի տեղահանված բնակչությանը, ինչպես նաև այդ գործի շուրջ համախմբել միջազգային հանրությանը։
Կոնգրեսականները Բայդենի վարչակազմից պահանջում են նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու Լաչինի միջանցքում դիտորդներ անհապաղ տեղակայում, ինչպես նաև անմիջական ներգրավվածություն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ապահովելու համաներում Արցախի ղեկավարների համար։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։