ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ գաղտնի հանդիպում են ունեցել Թուրքիայում՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորումը։ Այդ մասին գրել է Politico թերթը սեփական աղբյուրների վրա հղումով։
Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրն ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17–ին Ստամբուլում։
Ըստ թերթի, հանդիպմանն ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասում բանակցությունների գծով Վաշինգտոնի ավագ խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ն՝ Հարավային Կովկասում այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների գծով։ ՌԴ հատուկ բանագնաց Իգոր Խովաևը։ Հանդիպումն անցկացվել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի նա վերջ տա անկլավի իննամսյա շրջափակմանը և թույլ տա Հայաստանից մարդասիրական օգնության շարասյուներին անցնել և որ 100,000–ին մոտ բնակչությունը սննդամթերք ու վառելիք ստանա։
Ըստ թերթի, հանդիպումն այնքանով է նշանավոր, որ ուկրաինական մեկնարկից ի վեր սա հազվագյուտ, թեև անարդյունք շփում է Մոսկվայի և Արևմուտքի միջև անվտանգային լուրջ խնդրի շուրջ:
Ամերիկացի պաշտոնյան, որը չի ցանկացել նշել իր անունը, ասել է, որ անհրաժեշտ է հնարավորություն ունենալ աշխատել Մոսկվայի հետ, քանի որ այն պահպահում է իր ազդեցությունը տարածաշրջանում։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։