AM
4 October 2023 - 08:51 AMT

Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին հարցաքննել են․ Փաստաբան են տրամադրել

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, որին ապօրինաբար ձերբակալել և Բաքու են տեղափոխել, փաստաբան է տրամադրվել։ Այդ մասին հայտնել է ինքը՝ փաստաբան Ալով Սաֆարալիևը։

Նա ասել է, թե Հարությունյանի պաշտպանությունն իրականացվելու է ըստ Ադրբեջանի օրենքների և միջազգային կոնվենցիաների պահանջների, գրում է Trend.az-ը։

«Այսօր ես որպես Հարությունյանի պաշտպան ներկա եմ եղել նրա հարցաքննությանը։ Նրա առողջական և հոգեբանական վիճակը նորմալ է։ Կարող եմ ասել միայն, որ նրա տված ցուցմունքները կօգնեն լույս սփռել շատ հարցերի վրա»,–ասել է փաստաբանը։

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։