AM
4 October 2023 - 09:03 AMT

Իրանի ԶՈւ ԳՇ պետ․ Պատրաստ ենք դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման

Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ ԻԻՀ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Գեներալ Բաղերին այս հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, հայտնում է Արմենպրեսը Mehr News-ին հղումով։

Բաղերին հայտարարել է նաև, որ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման՝ շեշտելով որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման հետևում չպետք է լինի որևէ ագրեսիվ նպատակ կամ մտադրություն:

Իրանի ԶՈւ ԳՇ պետը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա և ընդգծել, որ այս տարածաշրջանում լարվածության շարունակումը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների շահերից:

Նա նաև կոչ է արել միջոցներ ձեռնարկել այս տարածաշրջանում վեճերի և լարվածության կարգավորման համար:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու հանգստությունը բխում են բոլոր երկրների շահերից, և տարածաշրջանում անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը», – ընդգծել է նա:

Գրիգորյանն իր հերթին ներկայացրել է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։

Հոկտեմբերի 2–ին Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ ԻԻՀ-ն անընդունելի է համարում Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունները: