AM
4 October 2023 - 09:42 AMT

ԵՄ–ն ողջունել է Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։ Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ։

«Եվրամիությունը ողջունում է հոկտեմբերի 3–ին ՀՀ Ազգային ժողովի կողմից միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Հայաստանի նախագահի ստորագրությունից հետո որոշումն ուժի մեջ կմտնի»,– նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

ԵՄ–ն կոչ է արել բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն վավերացրել կանոնադրությունը, անպայման անել դա։

Նշվում է, որ Հռոմի ստատուտին ամեն երկրի միացում ավելի է արագացնում միջազգային հանրության մեջ համընդհանուր ներգրավվածությունն ու ամրապնդում անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը։

ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 3–ին կողմ 60, դեմ 22, ձեռնպահ 0 ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Այն պետք է ստորագրվի ՀՀ նախագահի կողմից։