ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է ԼՂ–ում ճգնաժամից մի քանի օր առաջ ԵՄ և ԱՄՆ ներկայացուցիչների հետ Մոսկվայի գաղտնի հանդիպման մասին լուրը՝ տեղեկություններն անվանելով ոչ ճշգրիտ։
Նա ասել է, որ Մոսկվան իրոք շփում է ունեցել Արևմուտքի ներկայացուցիչների հետ ԼՂ–ում սրացումից առաջ, սակայն դա չեն եղել բանակցություններ, ինչի մասին գրել է Politico–ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ այնպես, ինչպես նկարագրված է։ Այնտեղ շատ են անճշտությունները, սխալները․․․ Որոշակի շփումներ Ղարաբաղի գծով, բնականաբար, եղել են, բայց ոչ այն բանակցությունները, որոնց մասին գրված է»,–ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին ասել է, որ ԼՂ հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը տեսակետների սովորական փոխանակում էր և ոչ մի գաղտնի բան այդտեղ չկա։
Politico–ն գրել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ գաղտնի հանդիպում են ունեցել Թուրքիայում՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորումը։ Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրն ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17–ին Ստամբուլում։