ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է նաև Սյունիքով ճանապարհի նախագծին, որը քննարկվում է։
Նա նշել է, որ դիտարկվում է ՀՀ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծը
«Աշխատանքը տարվում է փոխվարչապետերի նախագահությամբ, քննարկվում է տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծը, որով Ադրբեջանը կմիանա Նախիջևանի ինքնավար հանրապետությանը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով։ Զգալի ներուժ ենք տեսնում այդ նախագծի իրագործման մեջ՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի համար»,–հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նշել է, որ ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից ու պայմանավորվելու պատրաստակամությունից
Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես խոսում են ՀՀ տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու անհրաժեշտության մասին։ ՀՀ–ն հայտարարում է, որ համաձայն է բացել ճանապարհները, բայց միջանցքային տրամաբանությամբ հարց երբևէ չի քննարկի։