AM
4 October 2023 - 12:19 AMT

Զախարովա․ ՌԴ–ին ոչ ոք չի դիմել ԼՂ նախկին ղեկավարներին ազատ արձակելու հարցում օգնության խնդրանքով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ին ոչ ոք չի դիմել ադրբեջանցիների կողմից ձերբակալված ԼՂՀ նախկին ղեկավարներին ազատ արձակելու և Հայաստան տեղափոխելու հարցում օգնության խնդրանքով։

«Մեզ ոչ ոք չի դիմել։ Որևէ դիմում, ֆորմալ, ոչ ֆորմալ, չի եղել, եթե հաշվի չառնենք տեղեկատվական ոլորտը և այն ամենն, ինչ այնտեղ ասվում է»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա նաև հորդորել է «ազնիվ երկխոսություն վարել այդ հարցում»։

«Առաջին հերթին պետք է հիշել, որ վերոնշյալ անձինք Հայաստանի քաղաքացիներ են՝ ոմանք հրաժարվել են ՌԴ քաղաքացիությունից, ոմանք ի սկզբանե միայն ՀՀ քաղաքացիություն են ունեցել, բայց այսօրվա դրությամբ նրանցից ոչ մեկը ՌԴ քաղաքացիություն չունի»,–ասել է նա։

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։