AM
5 October 2023 - 06:45 AMT

Պետդեպը հաստատել է ԼՂ հարցով գաղտնի ստամբուլյան հանդիպումը․ Այն միտված էր ԼՂ հումանիտար կարիքների լուծմանը

ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը հաստատել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ օրեր առաջ նախքան Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ԱՄՆ, ԵՄ ու ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներդիվանագետները հանդիպել են Թուրքիայում:

Իր պատասխանում ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է. «Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումը միտված էր լուծելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրատապ կարիքների հարցը: Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել ստեղծված իրավիճակում և հանձնառու է կողմերին օգնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էր հաստատել ԼՂ–ում ճգնաժամից մի քանի օր առաջ ԵՄ և ԱՄՆ ներկայացուցիչների հետ Մոսկվայի գաղտնի հանդիպման մասին լուրը՝ տեղեկություններն անվանելով ոչ ճշգրիտ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին ասել է, որ ԼՂ հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը տեսակետների սովորական փոխանակում էր և ոչ մի գաղտնի բան այդտեղ չկա։

Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին ու պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, գաղտնի բանակցություններ են վարել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր սրացումից երկու օր առաջ, քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորումը։ Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ԵՄ-ն՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։