ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՄԱԿ մարմինների ներկայիս արձագանքը չի կարող բավարար համարվել։
Մարգարյանը շեշտել է՝ Ադրբեջանում ՄԱԿ գրասենյակի համակարգմամբ առաքելությունը այցելել է արդեն հայաթափված Լեռնային Ղարաբաղ և տվել իրավիճակի խեղաթյուրված նկարագրությունը, իսկ դա ադրբեջանական կողմից կիրառվում է էթնիկ զտումը կոծկելու և դրանում ՄԱԿ-ի դերը շահագործելու նպատակով:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ է արել ՄԱԿ մարմինների հետ համատեղ փաստահավաք այց կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հանդեպ Ադրբեջանի իրականացված ոճրագործությունները փաստագրելու և ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու համար:
ԳՔ Հատուկ խորհրդականը վերահաստատել է իր պատրաստակամությունը համապատասխան ջանքեր գործադրելու և ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողություններին ներգրավելու ուղղությամբ:
Արցախի հայաթափումից հետո ԼՂ այցելած առաքելության զեկույցում ասվում էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը Ստեփանակերտի այն հատվածում, ուր այցելել է ավերածություններ չի տեսել և ցնցված է Արցախը լքելու բնակչության «հանկարծակի որոշումից»։ ՄԱԿ-ի պաշտոնյաները միաժամանակ հայտարարել են, թե ոչ տեղի բնակչության շրջանում հարցվածներից, ոչ իրենց զրուցակիցներից որևէ հաղորդում չեն ստացել քաղաքացիական բնակչության նկատմամբ վերջին հրադադարից հետո բռնության դեպքերի վերաբերյալ։ Հայտարարության հեղինակները նաև նշում են, որ այն վայրերում, որոնք այցելել են, քաղաքացիական, գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասներ, ավերածություններ, ինչպես նաև որևէ սատկած անասուն կամ ընտանի կենդանի չեն հայտնաբերել։