Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին:
Նա նաև ասել է, որ Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարգավորվի դիվանագիտական բանակցությունների միջոցով, և որ մերժում է ռազմական բռնության ուղին, գրում է Deutsche Welle-ն։
Նա ասել է նաև` Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմք պետք է դառնա տարածքային անձեռնմխելիության սկզբունքի պահպանումը ՀՀ և Ադրբեջանի հանդեպ՝ հավելելով, որ Գերմանիան լիովին սատարում է ԼՂ կարգավորմանն ուղղված Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին։
ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը լրագրողներին ասել է, որ կանցլերը կարևորել է հնարավորինս «առավելագույն թափանցիկությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և դրա զարգացման շուրջ», գրում է ՏԱՍՍ–ը։
Նա հավելել է, որ ՄԱԿ առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ, ըստ Շոլցի, դրական քայլ է, որը պետք է զարգացնել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել իսպանական Գրանադա, որտեղ հանդիպելու էր Փաշինյանի հետ՝ ԵՄ ղեկավարների, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ: Պատճառը այն է, որ Փարիզն ու Բեռլինը համաձայնություն չեն տվել Թուրքիայի մասնակցությանը։
Իսպանիայում կայանալիք հնգակողմ հանդիպումը չի կայանա, սակայն ՀՀ պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կմեկնի Գրանադա։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետը։
Ավելի վաղ թուրքական Cumhuriyet–ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական հանրույթին , որի շրջանակում պետք է տեղի ունենար Գրանադայի հանդիպումը, հիվանդության պատճառով։