ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բեն Քարդին (դեմոկրատ, Մերիլենդ նահանգից) հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում օգնության տրամադրումը, քանի դեռ նա չի դադարեցրել հայ ժողովրդի դեմ իր արշավը: Այդ մասին ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառույցի կայքում:
«Գրեթե մեկ տարի տևած սարսափելի շրջափակումից հետո նախագահ Ալիևը, ի վերջո, օգտագործեց ռազմական հզորությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար՝ ոչնչացնելով հայ բնակչությունն ու նրա հարուստ պատմությունը: Քանի որ աշխարհը շարունակում է առերեսվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու համակարգված, կանխամտածված արշավի հետ, մենք պետք է միաժամանակ առաջնահերթ ուշադրություն դարձնենք արտաքսված հայերին աջակցելուն, ինչպես նաև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն»,-նշվում է հայտարարության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան։
Սենատի կոմիտեի ղեկավարի տեսանկյունից` ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին տարածքային նվաճումներ իրականացնելու նպատակով հետագա ռազմական ոտնձգություններից հետ պահելու համար, այդ թվում՝ կտրուկ դատապարտելով նրա հրահրիչ հռետորաբանությունը:
«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում ցուցաբերվող օգնությունը, քանի դեռ նա չի դադարեցրել իր դաժան արշավը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը նաև պետք է հաստատեն ռազմական հանցագործությունների և վայրագությունների փաստագրման հանձնառությունը, ինչպես նաև շարունակեն աջակցել ռազմագերիներին վերադարձնելու ջանքերին, որոնցից շատերին Ադրբեջանը շարունակում է կալանքի տակ պահել»,-ասվում է հայտարարության մեջ։
Սենատորը նշել է, որ Վաշինգտոնը պետք է համերաշխություն հայտնի հայ ժողովրդին հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցի կապակցությամբ, որի մասին խոսում են Ադրբեջանն ու Թուրքիան:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։