AM
5 October 2023 - 11:07 AMT

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի ԼՂ տեղահանվածներին կրթական աջակցություն ցուցաբերելու նպատակով

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրատապ առաքելություն կուղարկի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Առաքելությունը կժամանաի Հայաստանի խնդրանքով։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Հայաստանը դիմել է կազմակերպությանը նման խնդրանքով հոկտեմբերի 2–ին։

Նշվում է, որ վերջին օրերին ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել՝ գալով Հայաստան և նրանց մոտ մեկ երրորդը երեխաներ ու դեռահասներ են, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն անմիջապես արձագանքել է Հայաստանի խնդրանքին: Առաջիկա օրերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձագետների թիմ կուղարկի Երևան՝ ազգային իշխանությունների հետ համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատելու և տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ գործողությունների ծրագիրն ուղղված է լինելու համապատասխան ուսումնական միջավայրերի ստեղծմանը, վերականգնման ծրագրերի հասանելիությանը և հոգեբանական աջակցությանը, որը կօգնի ուսանողներին հաղթահարել դժվար իրավիճակները:

«Առաջիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև նախատեսում է հանդիպում կազմակերպել կրթության ոլորտում միջազգային գործընկերների և դոնորների մասնակցությամբ ՝ ապահովելու նրանց աջակցությունը, այդ թվում ֆինանսական, այս կրթական նախաձեռնությունների իրականացման համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։