AM
5 October 2023 - 11:17 AMT

Եվրախորհրդարանը դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ արել պատժամիջոցներ սահմանել պաշտոնյաների դեմ

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, հայտնում է Արմենպրեսը։

Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, որին հաջորդել է բանաձևի ներկայացումը։ Բանաձևը Եվրոպական խորհրդարանում քվեարկության դրվել հոկտեմբերի 5-ին։ Բանաձևին կողմ է քվեարկել 491, դեմ՝9, ձեռնպահ՝ 37 պատգամավոր։

Ընդունված բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը, որն իրենից ներկայացնում է միջազգային և մարդու իրավունքների կոպիտ խախտում, ինչպես նաև խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունն ու այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում։

Եվրախորհրդարանականներն ընդգծել են, որ այս հարձակումը հակասում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու Ադրբեջանի հայտարարած մտադրություններին և խաթարում է կողմերի միջև բանակցությունները։

«Հարձակումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար մեծ ճգնաժամի համատեքստում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերջին 9 ամիսների շրջափակումից հետո՝ խախտելով Բաքվի պարտավորությունները և Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանները։ Քաղաքացիական բնակչությանը տարածքից հեռացնելու հարկադրանքի կիրառումը կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և կարող է դիտարկվել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո», – ասված է բանաձևում։

Բանաձևը ԵՄ-ին և անդամ պետություններին կոչ է անում թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար, ինչպես նաև հետաքննել ադրբեջանական ուժերի կողմից իրագործված հնարավոր ռազմական հանցագործությունները։

Եվրախորհրդարանի պատգամավորները հիասթափություն են հայտնում ՄԱԿ-ի առաջին առաքելության և դրա կազմակերպման վերաբերյալ և կոչ անում ՄԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն ստեղծել։ Մտահոգություն է հայտնվել նաև արցախահայության բռնագաղթից հետո Լեռնային Ղարաբաղում մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ։

«Կոչ է արվում Ադրբեջանին զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց»,–ասվում է բանաձևում։

Բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք և վերահաստատում է իր պահանջը՝ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բանաձևը նաև խորը մտահոգություն է հայտնում և անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող անբարենպաստ հռետորաբանությունն ու հայտարարությունները։ Այս համատեքստում բանաձևը Թուրքիային կոչ է անում զսպել իր դաշնակից Ադրբեջանին անպատասխանատու գործողություններից և դատապարտում է ցուցաբերվող աջակցությունը։ Բանաձևը դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԼՂ-ում զինված հակամարտությունն իր իմպերիալիստական օրակարգը խթանելու նպատակով շահագործելու և Հայաստանի ինքնիշխանության դեմ հետագա հարձակումները խրախուսելու համար։

Բանաձևի տասնմեկերորդ կետը կոչ է անում վերանայել ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները և այդ երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը։ Ինչպես նաև կոչ է արվում Եվրոպական Հանձնաժողովին վերանայել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերությունը», հաշվի առնելով վերջինի կողմից միջազգային պարտավորությունների բազմաթիվ խախտումները։ Բանաձևն ընդգծում է, որ Ադրբեջանի ներկա կեցվածքն անհամատեղելի է Եվրոպական միության մասին պայմանագրի 21-րդ հոդվածում ամրագրված ԵՄ արտաքին քաղաքականության նպատակների հետ։

Բանաձևը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար, վերահաստատում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը։

«ԵՄ-ն պետք է օգտագործի պոտենցիալ աշխարհաքաղաքական վակուումի հնարավորությունը, Հայաստանին տրամադրի համագործակցության հավակնոտ ծրագիր՝ արդիականացնելով ներկայիս Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և քննարկի Հայաստանին մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր առաջարկելու հնարավորությունը», – ասված է բանաձևում։

Բանաձևը կոչ է անում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին։ Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը նաև իրենց սահմանին և Լեռնային Ղարաբաղում։

Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց մտահոգությունն են նաև հայտնել, որ Ադրբեջանը ԵՄ-ին ռուսական գազն է վերավաճառում և կոչ արել նվազեցնել ԵՄ-ի կախվածությունն Ադրբեջանից։ Բանաձևում կոչ է արվում նաև ազատ արձակել ձերբակալվածներին և համաներում կիրառել ողջ բնակչության համար։