Եվրամիությունը 25 մլն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում մեկնարկած Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում։
«Մենք հատկացրել էինք €5․2 մլն։ Ես այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կասեմ, որ մենք ուրախ ենք կրկնապատկելու այդ գումարը՝ մինչև €10․2 մլն։ Եվ որ մենք ևս €15 մլն ենք հատկացնում Հայաստանի բյուջեին»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ և կքննարկի աջակցությունը Հայաստանին։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարից 1–ից։