Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը քառակողմ հանդիպում կանցկացնեն Գրանադայում։ Այդ մասին ԵՄ համաժողովում հավատարմագրված լրագրողներին է հայտնել եվրոպացի պաշտոնյաներից մեկը։
«Քառակողմ հանդիպման նպատակն է քննարկել ընթացիկ իրավիճակը, քննարկել, թե ինչ կարող է անել ԵՄ–ն, ինչպես նաև ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հեռանկարները, ԵՄ-Հայաստան օրակարգի ընդլայնմանն ու առաջմղմանն ուղղված գործնական միջոցները»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունենալու մասին է հայտարարել նաև Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ նշելով, որ Փաշինյանի հետ կքննարկի աջակցությունը Հայաստանին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել իսպանական Գրանադա, որտեղ հանդիպելու էր Փաշինյանի հետ՝ ԵՄ ղեկավարների, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ: Պատճառը այն է, որ Փարիզն ու Բեռլինը համաձայնություն չեն տվել Թուրքիայի մասնակցությանը։
Ավելի վաղ թուրքական Cumhuriyet–ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական հանրույթին , որի շրջանակում պետք է տեղի ունենար Գրանադայի հանդիպումը, հիվանդության պատճառով։