AM
5 October 2023 - 13:55 AMT

Միշել․ Հստակ ասացի Ալիևին, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ ՀՀ–ից, ինչը պետք է բարձրաձայնվի

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Գրանադայում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր վերջին հեռախոսազրույցում ասել է, որ Ալիևը չի կարող «տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից», և դա պետք է բարձրաձայնվի։

Նա նաև ասել է, որ Երևանն ու Բաքուն պետք է երաշխավորեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Ես հստակ ասացի Ալիևին, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից։ Դա պետք է ասվի բարձր ու հստակ և պետք է երաշխավորել, որ կա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում (ՀՀ և Ադրբեջանի)»,–ասել է նա Գրանադայում ընթացող Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում։

Միշելն ասել է նաև, որ մտադիր չէ մեկնաբանել Գրանադա չգալու Ալիևի որոշումը՝ «այստեղ, մարդկանց շրջապատում»։

«Ես նրան ամեն ինչ անձամբ կասեմ, թե ինչ եմ այդ ամենի մասին մտածում։ Շատ կարևոր է չհանձնվել, երբ տհաճ բաներ են տեղի ունենում։ Մենք նախապատրաստում էինք հոկտեմբերի 5–ին կայանալիք Ալիև–Փաշինյան հանդիպումը»,– ասել է Միշելը։

Նա նաև հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությունն ուղղված է ԵՄ շահերի պաշտպանությանը և Կովկասում եվրոպական արժեքների առաջմղմանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել իսպանական Գրանադա, որտեղ հանդիպելու էր Փաշինյանի հետ՝ ԵՄ ղեկավարների, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ: Պատճառը այն է, որ Փարիզն ու Բեռլինը համաձայնություն չեն տվել Թուրքիայի մասնակցությանը։

Ավելի վաղ թուրքական Cumhuriyet–ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական հանրույթին , որի շրջանակում պետք է տեղի ունենար Գրանադայի հանդիպումը, հիվանդության պատճառով։