AM
5 October 2023 - 14:52 AMT

Հաջիև․ Պատրաստ ենք բանակցել եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջան–ՀՀ–ԵՄ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է բանակցել եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջան-Հայաստան-ԵՄ։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Ըստ Հաջիևի, ադրբեջանական կողմը հրաժարվել է Գրանադայի 5–ակողմ հանդիպումից «Ֆրանսիայի կանխակալ դիրքորոշման» և Թուրքիայի մասնակցությանը չհամաձայնվելու համար, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ադրբեջանը պատրաստ է առաջիկայում բանակցել եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջան–ՀՀ–ԵՄ։ Մենք կողմ էինք նաև Իսպանիայի մասնակցությանը որպես ընդունող կողմի։ Սխալ է հանդիպմանը չմասնակցելը ներկայացնել այնպես, թե Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ շփումներից կամ բանակցություններից»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել իսպանական Գրանադա, որտեղ հանդիպելու էր Փաշինյանի հետ՝ ԵՄ ղեկավարների, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ: Պատճառը այն է, որ Փարիզն ու Բեռլինը համաձայնություն չեն տվել Թուրքիայի մասնակցությանը։

Ավելի վաղ թուրքական Cumhuriyet–ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական հանրույթին , որի շրջանակում պետք է տեղի ունենար Գրանադայի հանդիպումը, հիվանդության պատճառով։