AM
6 October 2023 - 07:26 AMT

Պուտին․ Վարդանյանը ՌԴ քաղաքացի չէ, իսկ ԼՂ նախկին ղեկավարներին, կարծես, Երևանում էլ առանձնապես չեն ուզում տեսել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավիճային ակումբի նստաշրջանում, մեկնաբանելով ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂՀ մյուս ղեկավարների կալանավորումն Ադրբեջանում, հիշեցրել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։

«Իսկ ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, չգիտեմ, չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց, ոնց հասկանում եմ, նրանց Երևանում էլ առանձապես չեն ուզում տեսել»,–ասել է Պուտինը, հայտնում է Sputnik Արմենիան։

Այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք ՌԴ–ն խնդրել Ադրբեջանին «գթասրտություն դրսևորել», Պուտինն ասել է, որ Մոսկվան միշտ է դա արել և հիմա էլ է անում։

«Ինչպես գիտեք՝ հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բայց նախկինում էլ ենք խոսել այդ մասին․․․ Նա ինձ հավաստիացնում էր, որ ինչ էլ լինի, նա կապահովի ԼՂ հայ բնակչության անվտանգությունն ու իրիավունքները»,–ասել է Պուտինը։

Նա հավելել է, սակայն, որ հիմա այնտեղ հայ չի մնացել, բոլորը հեռացել են։

«Այնտեղ ուղղակի հայ չկա, գուցե 1000-1500 մարդ, և վերջ։ Վերջ, այնտեղ այլևս ուղղակի ոչ ոք չկա»,– ասել է նա։

Պուտինը հավելել է՝ ելնում է նրանից, որ հիմա, երբ բոլոր տարածքային հարցերը Բաքվի համար լուծված են, Ադրբեջանի ղեկավարությունը, այնուամենայնիվ, կառաջնորդվի հումանիտար բնույթի նկատառումներով։

Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Արցախում, Ադրբեջանի վերահսկողության տակ մնացել է մոտ 15 նույնկանացված հայ, իսկ ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40–ը՝ ներառյալ անհետ կորածներին։