AM
6 October 2023 - 07:40 AMT

Միշել․ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները համաձայն են հանդիպել հոկտեմբերի վերջին Բրյուսելում

Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համաձայնություն են տվել հանդիպելու հոկտեմբերի վերջին Բրյուսելում։ Այդ մասին նա ասել է Գրանադայում՝ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես որոշել եմ երկու ղեկավարներին հրավիրել Բրյուսել հոկտեմբերի վերջին, երկուսն էլ համաձայնություն են տվել հանդիպմանը։ Մենք մտադիր ենք մեծ աշխատանք կատարել կարգավորելու համար Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները»,–ասել էր նա։

AFP-ին Միշելն ասել է, որ Փաշինյանի և Ալիևի հետ միասին կընտրեն օրը:

«Մենք հավատում ենք քաղաքական երկխոսությանը, և այդ պատճառով ես Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին մինչև հոկտեմբերի վերջ կհրավիրեմ Բրյուսել՝ հանդիպման», – ասել է նա։

Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեին հոկտեմբերի 5–ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում, սակայն Ալիևը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը և չմեկնեց Գրանադա՝ Ֆրանսիայի «ապակառուցողական դիրքորոշման» և Թուրքիայի մասնակցությանը Բեռլինի և Փարիզի անհամաձայնության պատճառով։

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։

«Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը»,–ասվում է հայտարարության մեջ։