ԱՀ նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տվյալներ է ներկայացրել Արցախի ներկա բնակչության և պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի հետևանքների վերաբերյալ։
Նա հայտնել է, որ 24-ժամյա պատերազմի հաստատված զոհերի թիվը գերազանցում է 220-ը՝ չհաշված անհետ կորածներին, իսկ վառելիքի պահեստի պայթյունի վայրից գտնվել է ավելի քան 170 անձի մարմին ու մասունք՝ կրկին չհաշված անհետ կորածներին:
Զոհերի, վիրավորների ու անհետ կորածների վերաբերյալ լիազոր պետական մարմինները շարունակում են փաստահավաք ջանքերը և թարմացնում են ցուցակները:
«Անհետ կորածների ու գերիների վերաբերյալ ես թարմ տեղեկություններ չունեմ, սակայն, վստահ եմ, առաջիկայում լիազոր մարմինները համապատասխան պաշտոնական թարմացումները կկատարեն: Ամեն դեպքում կուզեի մի հարց հստակեցնել, որ մի քանի լիազոր մարմնից ու պաշտոնյայից ճշտել եմ, թե արդյոք ճիշտ են զրույցներն այն մասին, թե իբր վառելիքի պահեստի պայթյունից հետո ադրբեջանական ծառայություններն իրենց մոտ են տեղափոխել մի խումբ վիրավորների: Բոլոր պաշտոնյաները տվել են հստակ բացասական պատասխան: Ուստի, պայթյունի հետևանքով անհայտ կորածների հարազատները, ցավոք, պետք է իրենց հարազատներին փնտրեն գտնված մարմինների ու մասունքների շրջանում՝ անճանաչելի մարմինների դեպքում ԴՆԹ անալիզների միջոցով: Հարկ է նաև հաշվի առնել մասնագետների ու ականատեսների այն պնդումը, որ պայթյունի զոհերի մի մասն էլ ամբողջությամբ այրվել է կրակի մեջ, և նրանցից ոչ մի մասունք հնարավոր չէ գտնել»,–գրել է նա:
Բեգլարյանի տեղեկություններով՝ Արցախում՝ ադրբեջանական իշխանության ներքո մնացել է առավելագույնը 40 հայ, ներառյալ՝ ենթադրաբար իրենց տներում մնացած միայնակ ու անօգնական անձինք, որոնց հնարավոր չի եղել գտնել առ այսօր: Այդ անձանց որոնման աշխատանքները կատարում էին Արցախի փրկարարները՝ որոշակի դրական արդյունքներով, իսկ այժմ՝ փրկարարների դուրս գալուց հետո՝ Կարմիր խաչը:
«Արցախում մնացած մոտ 15 հայի մասին հստակ տեղեկություններ կան, որոնց տեսնողներ ու նույնականացնողներ են եղել: Նրանք ենթադրաբար որոշել են կամավոր մնալ Արցախում և ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները հպատակեցման վերաբերյալ:
Որքան տեղյակ եմ, Արցախի Հանրապետության իշխանությունների վերջին ներկայացուցիչները դուրս են եկել Արցախից՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ: Ուստի, կարելի է ասել, որ Արցախի ամբողջ տարածքում արդեն գործում է բացառապես ադրբեջանական օկուպացիոն ու ցեղասպան իշխանությունը:
Արցախի ներկա և նախկին պաշտոնյաներից 8-ը ձերբակալվել և պատանդառվել է Ադրբեջանի կողմից՝ տարբեր մտացածին մեղադրանքներով. նրանք են՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը»,–ասվում է գրառման մեջ:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։