AM
6 October 2023 - 08:55 AMT

ԶԼՄ․ Ադրբեջանի ՄԻՊ–ը տեսակցել է Վարդանյանին՝ նա հնարավորություն է ունեցել խոսելու ընտանիքի հետ

Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տեսակցել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը, հայտնում է Haqqin.az-ը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ի, Վարդանյանը նշել է, որ բողոք չունի պահման պայմաններից, առողջական խնդիրներ ևս չունի։

Նշվում է նաև, որ Վարդանյանը հնարավորություն ունի հեռախոսով խոսելու ընտանիքի հետ, «ծանրոցներ կարող է ընդունել, օգտվել գրադարանից և հասանելիություն ունի տեղեկատվությանը»։

Նշվում է նաև, թե Վարդանյանի փաստաբանին ընտրել էր նրա ընտանիքը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վարդանյանի իրավունքները պաշտպանելու է փաստաբան Ֆաիկ Հուսեյնովը։

Արտասահմանցի փաստաբաններն Ադրբեջանում արգելված են։ Այդ մասին հայտարարել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ժամանակին 6 ամիս է անցկացրել ադրբեջանական բանտում՝ Արցախ այցելելու համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավիճային ակումբի նստաշրջանում, մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի և ԼՂՀ մյուս ղեկավարների կալանավորումն Ադրբեջանում, հիշեցրել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։