AM
6 October 2023 - 11:08 AMT

Պուտին. Չեմ կարծում` Փաշինյանն ինչ–որ մեկի կողմից է բերվել իշխանության, որ հանձնի Ղարաբաղը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարծում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ–որ մեկի կողմից է բերվել իշխանության, որպեսզի հանձնի Ղարաբաղը։ Այդ մասին Պուտինը հայտարարել է «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում` անդրադառնալով RT-ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հարցին։

Պուտինն ընդգծել է, որ Փաշինյանն իշխանության է եկել հայ ժողովրդի ընտրությամբ, գրում է Sputnik Արմենիան։

«Իհարկե, կարելի է տարբեր կերպ մոտենալ ընտրական գործընթացներին, բայց դա փաստ է։ Երկրորդը` համաձայն չեմ նաև այն մտքի հետ, թե նա ձգտում էր հանձնել Ղարաբաղը։ Ես նրա հետ շփվել եմ, սերտ եմ շփվել և հենց 2020 թվականի ընթացքում էլ (սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը-խմբ.), դրանից առաջ էլ։ Պետք է հիշել, երբ նա իշխանության եկավ, ասաց, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»,– նշել է Պուտինը։

Խոսքը «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության մասին է, որ Փաշինյանն արեց 2019 թվականի օգոստոսին` Ստեփանակերտում։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ մինչ այդ Փաշինյանը նման բան երբեք չէր ասել, չնայած հետո նրա դիրքորոշումը արմատապես փոխվեց և 2020–ի ռազմական գործողությունների ժամանակ նա իրոք ձգտում էր, որպեսզի պահպաներ իրավիճակը։

«Ես հիմա չեմ ասում՝ արդյոք որոշումները ճիշտ էին, թե սխալ։ Իմ գործը չէ դատել այդ ամենը, բայց խոսել այն մասին, որ նա նպատակադրված հանձնում էր Ղարաբաղը, կարծում եմ, անարդար է»,– հավելել է Պուտինը։

Ավելի վաղ, ՌԴ նախագահն ասել էր, որ երկար տարիներ հայաստանյան իշխանություններին առաջարկել են վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 5 շրջանը` ԼՂ-ի և Լաչինի միջանցքին հարող 2 շրջանի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու պայմանով։ Հայաստանի իշխանությունները, սակայն, չեն համաձայնել այդ տարբերակին։