AM
6 October 2023 - 11:09 AMT

Դեսպան. Հունգարիան պատրաստ է միջնորդ դառնալ Ադրբեջանից հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար

Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անվտանգ վերադարձին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Հունգարիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Աննա Մարիա Սիկոն:

«Հունգարիան պատրաստ է կրկին միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու հայ ռազմագերիների անվտանգ վերադարձին իրենց հայրենիք»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նա նաև տեղեկացրել է, որ իր երկիրը 102,000 եվրո է տրամադրել Հայկական կարմիր խաչին՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այդ թվում՝ վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին աջակցելու նպատակով։

Անդրադառնալով Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների և դրա արդյունքում ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումների մասին հարցին՝ դեսպանը շեշտել է, որ Հունգարիան հստակ և հաստատուն դիրքորոշում ունի բոլոր զինված հակամարտությունների վերաբերյալ, ինչը բազմիցս են արտահայտել:

«Վեճերը պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական ճանապարհով: Միայն մեկ կայուն լուծում կարող է լինել, և դա խաղաղությունն է»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ դա է ճիշտը նաև կովկասյան տարածաշրջանի համար։

Դեսպանի վստահեցմամբ՝ Հունգարիան լիովին հասկանում է իրավիճակի լրջությունը, այդ իսկ պատճառով մի քանի օր առաջ ինքը ժամանել է Երևան, հանդիպել հայ քաղաքական և հոգևոր առաջնորդների հետ՝ քննարկելու մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը։

Դեսպանը Ադրբեջանին դատապարտող ԵՄ հայտարարության հարցում Հունգարիայի վետոյի վերաբերյալ հրապարակումները համարել է փաստերի և իրականության վրա չհիմնված մեղադրանքներ։

Սեպտեմբերի վերջին լուրեր էին տարածվել, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից տարածված հայտարարությունը, որը խստորեն դատապարտում էր Ադրբեջանին, ի սկզբանե պետք է լիներ ԵՄ անդամ 27 երկրի ընդունած համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան վետո էր կիրառել հայտարարության ընդունման նկատմամբ:

«Մի քանի անդամ երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, մեկնաբանություններ են արել նախատեսված համատեղ հայտարարության վերաբերյալ, վերջում չի հաջողվել կոնսենսուս ձեռք բերել, ուստի այն հրապարակվել է Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից»,-պարզաբանel է դեսպանը:

2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 5 հայ ռազմագերի էր վերադարձել հայրենիք: