Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Արդարադատության միջազգային դատարանի լսումները նշանակվել են հոկտեմբերի 12-ին։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի դատական ատյանի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հայաստանի կառավարությունը դիմել է միջազգային դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ քննվող գործի շրջանակում
Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:
Երևանը պահանջել է, որ «Ադրբեջանը ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից»։
Ադրբեջանը չպետք է փոփոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող որևէ հուշարձան կամ որևէ այլ հուշարձան կամ հայկական մշակութային արտեֆակտ կամ վայր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում.
Հայաստանը նաև խնդրել է Դատարանին վերահաստատել իր կայացված որոշումներով Ադրբեջանի վրա դրված պարտավորությունները, մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին և 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։