Թուրքիան դատապարտել է Արցախի մասին Եվրախորհրդարսնի ընդունած հայտարարությունը` այն բնութագրելով որպես «անպատասխանատվության, կողմնակալության, նախապաշարմունքի և տգիտության օրինակ», հայտնում է Ermenihaber-ը։
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 5-ին բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների
«Մենք դատապարտում ենք այս որոշումը, որը հիմնված է մի խումբ պոպուլիստ և խտրական վերաբերմունք ցույց տվող եվրախորհրդարանականների՝ մեր երկրի դեմ ուղղված հռետորաբանության վրա, որոնք տարիներ շարունակ Թուրքիայի դեմ անհիմն մեղադրանքներից բխած որոշումներ են փորձում ընդունել տալ։
Եվրոպական քաղաքականության մեջ, որտեղ ուժգնանում են պոպուլիզմը, ռասիզմը, իսլամաֆոբիան, բազմամշակութայնության մերժումը և հակաինտեգրացիոնիզմը, ԵԽ ներկայիս կազմը դառնում է այս անհամաչափության ակնհայտ դրսևորումը։ Մենք հույս ենք հայտնում, որ Եվրախորհրդարանի ներկայիս կազմը, որի ժամկետը շուտով ավարտվելու է, կփոխարինվի նոր կազմով, որը բաղկացած կլինի ԵՄ հիմնական արժեքներին հավատարիմ, կառուցողական հարաբերություններ կառուցող և ընդհանուր շահերին աջակցող ներկայացուցիչներից՝ ապահովելով ԵՄ ապագան», ասվում է հայտարարության մեջ։
Թուրքական կողմը նորից առաջ է տարել այն թեզը, թե իբր Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում մշտական խաղաղություն, կայունություն և բարգավաճում հաստատելու, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու, առարկայական ներդրում ունենալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում՝ միջազգային իրավունքի շրջանակներում»։
Ընդունված բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը, որն իրենից ներկայացնում է միջազգային և մարդու իրավունքների կոպիտ խախտում, ինչպես նաև խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունն ու այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում։
Եվրախորհրդարանականներն ընդգծել են, որ այս հարձակումը հակասում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու Ադրբեջանի հայտարարած մտադրություններին և խաթարում է կողմերի միջև բանակցությունները։