AM
6 October 2023 - 14:02 AMT

ԵԽԽՎ–ում կքննարկեն հումանիտար իրավիճակը ԼՂ–ում և հայերի իրավունքները

Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցերը կքննարկվեն հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի ժամանակ։ Տեղեկությունը հրապարակված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքէջում։

Հոկտեմբերի 9–13–ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, հրատապ ընթացակարգով կքննարկվի նաև հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Sputnik Արմենիան։

Հանդիպման նախաձեռնողը ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսին է։

Նախարարների կոմիտեն արդեն հավանություն է տվել հանդիպման օրակարգին։

Հոկտեմբերի 5–ին Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար: