AM
6 October 2023 - 14:41 AMT

ՌԴ ԱԳՆ․ ՀՀ խնդրանքով սկսել ենք բենզին ու դիզվառելիք մատակարարել ՀՀ–ին

ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է հրապարակել «Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համալիր օգնության մասին», որտեղ ասվում է, որ ՀՀ ղեկավարության խնդրանքով ՌԴ–ն 15,000 տոննա բենզին և 20,000 տոննա դիզվառելիք է սկսել առաքել Հայաստան։

Նշվում է, որ չնայած ՌԴ կառավարությունը սեպտեմբերի 21–ին ժամանակավոր արգելք է սահմանել ապրանքային բենզինի և դիզվառելիքի արտահանման համար, «ռուսական կողմն ընդառաջել է իր դաշնակցին 2013թ․ միջկառավարական համաձայնագրի շրջանակում»։

«Մենք շարունակում ենք հետևողական ջանքերը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համապարփակ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել երկրի համար անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների հարցումից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը բարդ է՝ ընթացիկ տարվա բալանսը գրեթե սպառվել է, իսկ առջևում ձմեռային շրջանն է, ուստի ՌԴ աջակցությունը շատ տեղին կլինի»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ՌԴ դիվանագետների այց է սպասվում Սյունիք, ՀՀ–ում ՌԴ դեսպանի գլխավորությամբ, որտեղ կգնահատվեն ԼՂ–ից տեղահանվածների կարիքները։