AM
7 October 2023 - 11:01 AMT

Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը թողնում է պաշտոնը ԼՂ–ում վիճակի պատճառով

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Լոուրենսը հեռանում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնից՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և դրան հաջորդած բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման պատճառով։ Այս մասին X-ի միկրոբոլոգում հայտնել է Կանադայի «Հայ Դատի» հանձնախումբը։

«Մենք բարձր ենք գնահատում Լոուրենցի սկզբունքային դիրքորոշումը և կոչ անում Կանադայի բոլոր ընտրովի պաշտոնյաներին դադարեցնել փոխգործակցությունը Ադրբեջան պետության և նրա բռնատիրական ռեժիմի հետ»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։