ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը դեռ պահանջված է, սակայն դրա տեղակայման մոդալության հարցը որոշվելու է Մոսկվայի և Բաքվի միջև առկա կանալներով։ Այդ մասին նա ասել է ՌԲԿ–ին տված հարցազրույցում։
«Մեր զորակազմը դեռ պահանջված է, կարծում եմ, հետագայում այն ևս անհրաժեշտ կլինի։ Առաջինը՝ ուժի մեջ է այն հարցը, որ Ղարաբաղում մնացած բնակիչներն իրենց հանգիստ զգան։ Չի կարելի բացառել, որ Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ–որ փուլում որոշեն հետ վերադառնալ։ Եվ խաղաղապահների ներկայությունն այդ մարդկանց համար հանգստության լրացուցիչ գործոն կհանդիսանա։ Այնպես որ, ես չէի ասի, որ ռուս խաղաղապհ զորակազմի գործունեությունը Ղարաբաղում իրեն սպառել է»,–ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է հասել են Հայաստան: Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։