AM
9 October 2023 - 13:53 AMT

ԵԽԽՎ–ն հրատապ քննարկում կանցկացնի ԼՂ–ում հումանիտար իրավիճակի հարցով

ԵԽԽՎ–ն որոշել է հրատապ ընթացակարգով քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 12–ին:

Հոկտեմբերի 9–13–ը Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի շրջանակում էլ հարցը կքննարկվի։

Հոկտեմբերի 5–ին Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար: