AM
10 October 2023 - 07:10 AMT

Էրդողանը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այդ հարցին նա անդրադարձել է կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։

«Եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները»,- ասել է նա, գրում է Trend.az-ը։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան Հայաստանից խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված քաղաքականություն է ակնկալում։

Էրդողանը սեպտեմբերի 26–ին Նախիջևանից վերադառնալիս հայտարարել էր, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածի շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտվել է»։

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկել և չի քննարկում, այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։