AM
10 October 2023 - 08:13 AMT

ՌԴ խաղաղապահները 25 նոր պահակակետ են տեղակայել ԼՂ ՊԲ սպառազինությունը հսկելու համար

ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը 25 նոր պահակակետ է տեղակայել ԼՂ ՊԲ հանձնած սպառազինությունը և ռազմատեխնիկան հսկելու համար, որոնցից 14–ում պահպանությունն իրականացվում է ադրբեջանական կողմի հետ համատեղ։

Նշվում է, որ ՌԴ պատասխանատվության գոտում հրադադարի խախտում չի արձանագրվել։

Նշվում է նաև, որ «ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են ԼՂ բնակավայրերի էլեկտրա և գազամատակարարման վերականգնման աշխատանքները»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են իրենց դիտակետերի մի մասը Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի շրջաններում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը ԼՂ–ում պատրաստ է «նպաստել խաղաղ կյանքի հաստատմանը Հարավային Կովկասում»։

«Հիմա, երբ Երևանն ու Բաքուն կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանք հաստատելու, վստահությունը ամրապնդելու ժամանակը։ ՌԴ խաղաղապահ զորակազմը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,–նշել է նա, հայտնում է ՏԱՍՍը։

Լավրովը նաև ասել է, որ «ԱՄՆ–ն ու ԵՄ–ն անվստահություն են սերմանում Հարավային Կովկասում»։