Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե իբր Արցախի շնախագահ Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած ընդլայնված խորհրդակցությանը հասցեական քաղաքական գնահատականներ է հնչեցրել ԱՀ հայաթափման առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում:
«Խորհրդակցության հիմնական նպատակն էր կենտրոնացնել ջանքերը տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ՝ գերնպատակ ունենալով հնարավորինս արագ ապահովել նրանց առաջնային կենցաղային կարիքներն ու կրթական հաստատություններում սովորողների ներգրավումը:
Կոչ ենք անում զանգվածային որոշ լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի չհրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, չսպասարկել այլ նպատակ հետապնդողների շահերը»,–ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է հասել են Հայաստան: Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։