AM
11 October 2023 - 10:35 AMT

Stratfor. Ալիևի հայտարարությունները հիշեցնում են Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժմանը նախորդող հռետորաբանությունը

Ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնը գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հիշեցնում են այն հռետորաբանությունը, որ կիրառում էր Մոսկվան՝ Ուկրաինա ներխուժումից առաջ, երբ խոսում էր Կիևին տրամադրվող արևմտյան ռազմական օգնության մասին։

Նշվում է, որ Ադրբեջանը «ցանկանում է դանդաղեցնել կամ կանխել Հայաստանին արևմտյան աջակցության ընդլայնումը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում պահպանելով Հայաստանի տարածք հնարավոր ներխուժման կենսունակությունը», հայտնում է «Ազատությունը»։

Stratfor-ի վերլուծաբաններն անդրադարձել են նաև Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի վերջին հայտարարություններին, որոնցում հայ դիվանագետը նշել էր, թե ադրբեջանական ներխուժումը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա շաբաթներին։

«Բալայանի հայտարարությունն Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դիմելու կոնկրետ ժամկետների վերաբերյալ հայաստանցի պաշտոնյաների կողմից արված ամենահստակ նախազգուշացումն է։ Այս հայտարարությունը նաև ներխուժումը զսպելուն ընդունակ ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում Երևանի աճող հուսահատության վկայությունն է», – գրել են Stratfor-ի վերլուծաբանները։

Բելգիայում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է, որ Բաքուն կանգ չի առնի, եթե հավաքական Արևմուտքի կողմից քայլեր չձեռնարկվեն։ Դեսպանը նշել է, որ գործնական միջոցներ կան, որոնցով ԵՄ-ն կարող է դիմակայել Ադրբեջանին և Ալիևին։ Բալայանն առաջարկել է, որ ԵՄ-ն Ալիևին վերջնաժամկետ տա իր բանակը Հայաստանի սահմանից դուրս բերելու համար, իսկ չկատարելու դեպքում՝ ԵՄ-ի հետ Ադրբեջանի առանց վիզայի համաձայնագիրը կասեցնեն։