ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հարցը Մոսկվան քննարկելու է Բաքվի հետ, սակայն կշարունակի նաև շփումները Երևանի հետ։
«Այժմ խաղաղապահներն իրոք դե–ֆակտո և դե–յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում, դա ընդունում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է նրանց տեղակայման հետագա ռեժիմին և բոլոր հարակից մոդալություններին, ապա, անշուշտ, դա քննարկվելու է ադրբեջանական կողմի հետ»,–ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Պեսկովը հավելել է, որ «ՌԴ–ն, անշուշտ, կշարունակի շփումները նաև հայ բարեկամների հետ»։
Նա նաև հավելել է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հնարավոր վերատեղակայման հարց Պուտին–Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, խոսելով Արցախի հայաթափումից հետո ՌԴ խաղաղապահների դերակատարման մասին, ասել է, որ եթե ՌԴ խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից, պիտի ՌԴ գնան, ՀՀ-ում մնալու իրավական հիմք չկա: