AM
11 October 2023 - 13:58 AMT

Ալիև․ Եթե Երևանը հրաժարվի ՌԴ միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել ՀՀ և Ադրբեջանի ուղիղ բանակցությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Երևանը հրաժարվի ՌԴ միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ բանակցությունները։ Այդ մասին նա ասել է Բաքվում ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53–րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, մենք պատրաստ ենք դրան գնալ։ Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքւ խաղաղության պայմանագրի վրա։ Եթե հայկական կողմը մերժի ՌԴ միջնորդությունը, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել ուղիղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։ Ինչ–ինչ այլ հարթակները մեր կողմից վերլուծության կենթարկվեն, հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները, ոչ թե Ադրբեջանին, այլ՝ ճշմարտությանը և միջազգային իրավունքին»,–ասել է Ալիևը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը երախտագիտությամբ է ընդունում ՌԴ միջնորդությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, քանի որ Ռուսաստանը Ադրբեջանի հարևանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը։

«ՌԴ–ն մեր տարածաշրջանում է գտնվում, ի տարբերություն մյուսների, որոնք գտնվում են մեզանից հազարավոր կիլոմետրեր այն կողմ։ Եվ, բնականաբար, մեր երկրների միջև հարաբերությունների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդությունը»,–ասել է Ալիևը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ, որտեղ կայանալու է ԱՊՀ գագաթնաժողովը։ Նշվել է, որ Հայաստանի վարչապետը հայտնել է, որ «մի շարք հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին»։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր մասնակցել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը, քանի որ Փարիզն ու Բեռլինը Թուրքիայի մասնակցության հավանություն չէին տվել։

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և որ ՀՀ ԱԳՆ–ն դեռևս հոկտեմբերի 4-ին էր գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին։