AM
12 October 2023 - 09:34 AMT

Լավրով. ՀՀ-ով Անդրկովկասում ՆԱՏՕ–ի շահերն առաջ մղելու փորձ է արվում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բիշքեկում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, թե Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանի միջոցով Անդրկովկասում ՆԱՏՕ–ի շահերն առաջ մղելու փորձ է արվում։

«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների խթանմանը, դա հիմնականում արհեստականորեն է արվում։ Մենք գիտենք, թե վերջին տարիներին ինչ քանակի ոչ կառավարական կազմակերպություններ են ստեղծվել Հայաստանում, նախորդ տարիներին ևս դրանց քանակը քիչ չի եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում ՀՀ և ՌԴ–ի բարեկամական հարաբերություններն առաջ մղելու համար։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հակառուսական տրամադրությունների համար հող ստեղծելուն և այդ տարածաշրջանում Հայաստանի միջոցով ԱՄՆ–ի և Եվրամիության, ՆԱՏՕ–ի երկրների շահերն առաջ տանելուն»,–ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Միևնույն ժամանակ Լավրովն ասել է, որ ՌԴ–ն «խորապես համոզված է, որ հայ ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ շահագրգռված է ՌԴ հետ ավանդական, պատմական եղբայրական հարաբերությունների զարգացմամբ»։

«Ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հստակ ասել է, որ Հայաստանը կողմնորոշում չի փոխում։ Հուսանք, որ այդ տրամադրվածությունը կգերիշխի, անկախ Երևանին այլ ուղղությամբ տանելու ջանքերից»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ–ն ոչ մի վեկտոր չի փոխում ։ «Բարդություններ կան և՛ Ռուսաստանի համար, և՛ Հայաստանի համար, և՛ աշխարհի համար, և՛ գլոբալ աշխարհակարգերի համար, որովհետև պրոբլեմը մեր ու Ռուսաստանի հարաբերությունների մեջ չէ, պրոբլեմը ուրիշ՝ մեծ տերությունների հարաբերությունների մեջ է: Այդտեղ մենք ոչ մի բան էլ չենք փոխում: Մենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Այն մեզնից առաջ է ստորագրվել, այսինքն՝ մենք ոչ մի բան չենք փոխում: Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն՝ ինչ-որ կա, ոչ մի բան մենք չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել»,–ասել է նա։