Բաքու կայցելի չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության ղեկավարը՝ «նախագահ» Էրսին Թաթարը։ Նախատեսվում է, որ նա մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Թաթարը մասնակցելու է Հյուսիսային Կիպրոսի մշակութային օրերին, որոնք անցնելու են Բաքվում հոկտեմբերի 13-14–ը, գրում է Haqqin.az-ը։
Բաքու մեկնելուց առաջ Թարթարը հայտարարել էր, որ սա նրա առաջին այցն է Ադրբեջան, որի նպատակն է փոխհարաբերությունների զարգացումը երկու երկրների միջև։
2021–ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից այդ կազմավորման ճանաչմանը, ասել էր, որ այդ հարցում ոչ մի կասկած չկա։
«Իմ եղբայր Ալիևի հետ մշտապես քննարկում ենք այդ հարցը»,-ասել է Էրդողանը
1974 թվականից ի վեր Կիպրոսի հյուսիսային մասը օկուպացված է թուրքական զորքերի կողմից, որոնք էլ հռչակել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը: Կղզու հունական մասը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ է: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը ճանաչել է միայն Թուրքիան: