Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և հայ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելուց հետո, Ստեփանակերտից սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա ասել է, թե «եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռևանշի մասին, թող ուշադիր նայի» Արցախի նախկին ղեկավարների գերեվարման կադրերը։
Ալիևն Ադրբեջանի դրոշն է բարձրացրել Ստեփանակերտում, մտել նախագահական նստավայր ու շրջել։ Նախագահականի ճակատին փոխարինվել է նաև զինանշանը։
Նա նաև ծաղրել և վիրավորել է ԱՀ նախկին նախագահներին ու ղեկավարներին՝ նրանց անվանելով «ծաղրածուներ»։
Նա ասել է թե, այն մարդիկ, որոնք իրենց նախագահ էին անվանում, այժմ սպասում են արժանի պատժի», գրում է Haqqin.az-ը։
«Հետաքրքիր է, կհամարձակվի արդյոք այսօր էլ մեզ սպառնալ այս շենքերից մեկում նստած մարդը, որն իրեն վարչապետ էր անվանում։ Այսօր նրան էլ են թեյ մատուցում քննչական մեկուսարանում»,–ասել է Ալիևը։
Նա, փաստացի, Ստեփանակերտ այցով «նշել է» իր կառավարման 20–ամյակն Ադրբեջանի նախագահի պաշտոնում, որը ստանձնել է 2003–ի հոկտեմբերի 15–ին։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։