AM
16 October 2023 - 07:43 AMT

Հոկտեմբերի 16–ին Թել Ավիվից 220 ՀՀ քաղաքացի կտարհանվի Երևան

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հոկտեմբերի 16–ին Թել Ավիվից Երևան քաղաքացիների կտարհանի, հայտնում է դեսպանության ֆեսյբուքյան էջը։

«Հիշեցնում ենք Թել Ավիվ-Երևան չվերթի համար հարցաթերթիկ լրացրած և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հեռախոսազանգ ստացած անձանց հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 8։00-ին լինել «Բեն Գուրիոն» օդանավակայանում (Terminal 3, Zone A, counters 12-15)»,- ասված է գրառման մեջ։

Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանում ՀՀ դեսպանատունը դեսպան Արման Հակոբյանի գլխավորությամբ կազմակերպում է չվերթի գրանցումը։

«Առանձնակի շնորհակալություն ՀՀ կառավարությանը, ԱԳՆ–ին, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակին, ՀՀ դեսպանատանը, Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմին։ Բարի թռիչք»,–ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Գազայի հատվածին, որտեղ նույնպես շատ են զոհերը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։

ՄԱԿ ԱԽ–ն հոկտեմբերի 8–ին տեղի ունեցած փակ նիստի արդյունքում հայտարարություն չի ընդունել պաղեստինա–իսրայելյան համակարտության գոտում իրավիճակի վերաբերյալ։