AM
16 October 2023 - 08:26 AMT

Հռոմի պապը կոչ է արել պահպանել Արցախի վանքերն ու սրբավայրերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերն ու կրոնական պաշտամունքի վայրերը: Նա այդ մասին հայտարարել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտից հետո:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված իր անհանգստությունը չի թուլացել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Փախստականների ծանր մարդասիրական իրավիճակից բացի, ես կցանկանայի դիմել հատուկ կոչով՝ ի պաշտպանություն այս տարածաշրջանի վանքերի և կրոնական պաշտամունքի վայրերի։ Հուսով եմ, որ կապահովվի դրանց նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունը՝ որպես տեղի մշակույթի մի մաս, հավատքի դրսևորում և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում համատեղ կյանքը, անկախ տարբերություններից»,–ասել է նա։

Մինչդեռ հոկտեմբերի սկզբին AFP գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց՝ հայկական եկեղեցու գմբեթները հանված են, պատմաճարտարապետական տեսքն՝ աղավաղված։

Պատերազմից հետո ադրբեջանական սոցցանցերում տարածվող տեսանյութերից երևում էր, որ ադրբեջանցիները հանել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասներին տեղադրված հրեշտակների արձանները և խաչը: Բացի այդ, Ադրբեջանը որոշել է ապօրինի «վերականգնել» եկեղեցին, որը, անկասկած, կհանգեցնի հայկական եկեղեցու «ալբանացման»։