AM
18 October 2023 - 07:57 AMT

Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում, Բաքվում, ԼՂ գրավված տարածքներում

Հոկտեմբերի 23–25–ը թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններ կանցկացվեն Բաքվում, Նախիջևանում և Արցախի օկուպացված տարածքներում։

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների խումբն ու ավիացիոն միջոցներն արդեն գտնվում են Ադրբեջանում։ Այդ մասին հայտարարե, է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է APA-ն։

Զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100–ամյակին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։