AM
18 October 2023 - 09:07 AMT

Զախարովա․ Հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային տարր է

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ–ադրբեջանական կարգավորման առանցքային տարր է։ Նա այդ մասին ասել է ադրբեջանական Trend գործակալությանը հարցազրույցում:

«Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ– ադրբեջանական կարգավորման առանցքային տարր է, որը հենվում է 2020-22թթ․ ՀՀ–ՌԴ–Ադրբեջան եռակողմ համաձայնությունների բազայի վրա։ Այս հարցով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ Այսօրվա դրությամբ 12 նիստ է անցկացրել, որոնցից վերջինը տեղի է ունեցել հունիսի 2–ին, որտեղ մանրամասն քննարկել է երկաթուղային ու ավտոմոբիլային հեռանկարային երթուղիների փաթեթը»,–ասել է Զախարովան՝ պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» առավելությունների մասին հարցին։

«Ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ: Աշխատանքում ելնում ենք երկու երկրների փոխադարձության, ինքնիշխանության հարգման և իրավասության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից», – ընդգծել է Զախարովան։

Նա կարծիք է հայտնել, որ ապաշրջափակման ուղղությամբ հաջողությունը լրացուցիչ խթան կհանդիսանա եռակողմ աշխատանքի մյուս ուղղությունների համար, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման և սահմանազատման:

Հայաստանի իշխանությունները մշտապես բոլոր հարթակներում կրկնում են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չեն քննարկում և չեն քննարկի, սակայն կողմ են ճանապարհների բացմանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով: