Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է երկու միջնորդություն՝ մեկը Հայաստանին ռազմական աջակցության, մյուսը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ, հայտնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON):
Ռազմական աջակցության մասին միջնորդության մեջ խորհրդարանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց հետո Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի վրա հարձակվելու հետագա ծրագրերի մասին։ Խորհրդարանը խնդրել է կառավարությանը կոչ անել ԵՄ անդամ մյուս երկրներին դրական արձագանքել ռազմական աջակցության մասին Հայաստանի հնարավոր խնդրանքին:
Երկրորդ միջնորդությունը, հաշվի առնելով էթնիկ զտումների մասին ՄԱԿ-ի սահմանումը, կառավարությանը խնդրում է որոշել, թե 9 ամսից ավելի շրջափակումից և անկլավի վրա հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը համապատասխանո՞ւմ է էթնիկ զտումների սահմանումին։
Նիդերլանդների խորհրդարանը միջնորդություն էր ներկայացրել նաև սեպտեմբերի 21-ին՝ պահանջելով միջազգային մարդասիրական աջակցություն Լեռնային Ղարաբաղի համար։ Նաև պահանջ կար կառավարությանը ուսումնասիրել եվրոպական համատեքստում հնարավոր պատժամիջոցները, եթե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանա և բնակիչների իրավունքները չերաշխավորվեն։